Սննդային նախապատրաստում
- Հետազոտությունից 3 օր առաջ օգտագործել սննդային թելիկների ցածր պարունակությամբ սնունդ՝ հաց սպիտակ ալյուրից, սպիտակ բրինձ, կաթնամթերք, ցանկացած տեսակի միս, ձու, կարագ: Թույլատրվում են նաև քաղցրեղեն, սուրճ, թեյ, տաք շոկոլադ:
- Խուսափել ամբողջական հացահատիկներից, սև բրնձից, հնդկաձավարից, լոբուց, ոսպից, ոլոռից, եգիպտացորենից, բանջարեղենից, մրգերից, ընդեղենից’ ընկույզ, պնդուկ, նուշ և այլն, չրերից, արևածաղկի սերմից, թանձր հյութերից:
- Հետազոտությունից 1 օր առաջ օգտագործել ապուրներ, արգանակներ, առանց կեղևի կարտոֆիլ, խնձորի կամ խաղողի հյութ, սև սուրճ, թեյ: Խորհուրդ է տրվում խմել բավարար քանակությամբ չգազավորված ջուր:
- Խուսափել ցանկացած պինդ սննդատեսակներից, կաթից, նարնջի հյութից, գունավորված և խյուսով հյութերից, ջեմերից:
Հետազոտության օրն առավոտյան խմել միայն ջուր (չգազավորված):
Ուշադրություն՝
հետազոտությունից 2 ժամ առաջ ոչինչ չուտել և չխմել:
Աղիների նախապատրաստում
- Վերջին սնունդն ընդունել հետազոտության նախորդ օրը ժամը 16:00-ին։
Մեր կենտրոնում կիրառվում է աղիների նախապատրաստման «Մովիպրեպ» միջոցը, որը հարկավոր է օգտագործել համաձայն հետևյալ ցուցումների.
Մեկական փաթեթ A և B լուծել 1լ չգազավորված ջրում և ընդունել հետազոտության նախորդ օրը, ժամը 18:00-19:00-ի ընթացքում, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութ, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում` 19:00-20:00-ին:
Հետազոտության օրվա առավոտյան մեկական փաթեթ A և B լուծել չգազավորված ջրում և ընդունել ժամը 6:00-7:00-ի ընթացքում, ևս մեկ լիտր հեղուկ (ջուր, բաց գույնի հյութ, թեյ) խմել հաջորդ մեկ ժամվա ընթացքում` 7:00-8:00-ին:
Որոշ դեպքերում կարող են պահանջվել լրացուցիչ մաքրող հոգնաներ, որոնք կիրականացվեն մեր անձնակազմի կողմից: Ուստի հարկավոր է կենտրոն այցելել հետազոտության նշանակված ժամից մեկ ժամ առաջ:
Ընդհանուր անզգայացմամբ կոլոնոսկոպիա
- Հետազոտությունից 1 օր առաջ Ձեզ կտրամադրվի առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ: Այն հարկավոր է լրացնել և ուղարկել էլ. փոստով կամ բերել հետազոտության օրը, որպեսզի անեսթեզիոլոգը ծանոթանա Ձեր առողջության պատմության և ներկա խնդիրների հետ:
- Անզգայացումից 2 ժամ առաջ հարկավոր է ոչինչ չխմել և չուտել: Առավոտյան կարող եք ընդունել միայն մշտապես օգտագործող Ձեր դեղերը՝ հակաճնշումային և այլն։
- Ձեր ժամանակը կարգավորեք այնպես, որ անզգայացումով կոլոնոսկոպիայից հետո մոտ 45 րոպե գտնվեք կենտրոնի անեսթեզիոլոգի վերահսկման ներքո։
Խորհուրդ չի տրվում անզգայացմանը հաջորդող 6 ժամվա ընթացքում մեքենա վարել։