Հոդվածներ
«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ճանաչված ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը
Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։ Պրոֆեսորը հայ մասնագետներին ծանոթացրեց ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներին, ինչպես նաև՝ կլինիկական իր փորձին։
«Իմ թեման սպոնդիլոարթրիտն է` մեջքի ցավի գանգատ, որը չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, հատկապես` երիտասարդների շրջանում: Մենք իրազեկում ենք ընտանեկան բժիշկներին, ռևմատոլոգներին, ռադիոլոգներին, թե ինչպես վաղ ախտորոշել այս հիվանդությունը և բուժել: Քննարկումների հիմնական նպատակը ընտանեկան բժիշկների, ռադիոլոգների, գուցե նաև օրթոպեդների և, իհարկե, ռևմատոլոգների կրթումն է հիվանդությունը վաղ փուլերում ճշգրիտ ախտորոշելու համար:
«Վարդանանց»-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ այս համագործակցությունը մեծ հնարավորություն է կլինիկայի համար՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ռևմատոլոգիական ծառայություն ստեղծելու, ինչպես նաև ի դեմս լավագույն մասնագետ պրոֆեսոր Բարալիակոսի՝ ունենալու որպես հեռահար կոնսուլտանտ:
Բարալիակոսի այցից հետո «Վարդանանց»-ը պլանավորում է երկարատև համագործակցություն, ներառյալ՝ փորձի մշտական փոխանակումն ու կլինիկական բարդ դեպքերի վերաբերյալ հեռահար խորհրդատվությունների անցկացումը։ Սա հնարավորություն է կենտրոնում շարունակաբար կիրառել ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման միջազգային փորձը։