Հոդվածներ
Կայացավ «Բուժում է Վարդանանցը» եռահատոր ժողովածուի պաշտոնական շնորհանդեսը
Կայացավ «Բուժում է Վարդանանցը» եռահատոր ժողովածուի պաշտոնական շնորհանդեսը
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Բուժում է Վարդանանցը» եռահատոր ժողովածուի պաշտոնական շնորհանդեսը՝ համախմբելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին։
Ժողովածուն ներառում է 371 կլինիկական գործելակարգ, որոնք մշակված են 25 բժշկական մասնագիտությունների շրջանակներում՝ ընդգրկելով թե՛ թերապևտիկ, թե՛ վիրաբուժական ուղղությունները։
Անդրադառնալով «Բուժում է Վարդանանցը» ժողովածուի նշանակությանը՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեև այն հիմնականում նախատեսված է բուժող բժիշկների համար, դրա արժեքը զգացվում է նաև ավելի լայն համատեքստում։

«Ինչպես փորձառու երաժշտասերը սիմֆոնիա է լսում՝ պարտիտուրան ձեռքին, այնպես էլ այսօր շատ բուժառուներ բժշկի են դիմում՝ արդեն իսկ խորհրդակցած արհեստական բանականության հետ։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևոր է, որ բժիշկը խոսի նույն մասնագիտական լեզվով։ Դա ձևավորում է վստահություն, իսկ վստահությունը՝ պացիենտի ներգրավվածություն բուժման գործընթացում, ինչը բուժման հաջողության ամենակարևոր բաղադրիչներից է», — ասաց Լևոն Ալթունյանը։
«Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի տնօրեն, գրքի խմբագրական խորհրդի ղեկավար Հարություն Մանգոյանը՝ շեշտադրելով հեղինակային մոտեցման կարևորությունը ասաց․ «Սա ոչ թե պարզապես նյութ է, այլ Վարդանանցի բժիշկների հեղինակած աշխատանքը, և այստեղ հստակ երևում է Վարդանանցի ձեռագիրը։ «Բուժում է Վարդանանցը» ձևակերպմամբ մենք ցույց ենք տալիս մեր մոտեցումը․ առաջինը՝ այո՛, մենք բուժում ենք, և երկրորդը՝ այո՛, սա մեր ձեռագիրն է։ Եվ մենք ուրախ ենք, որ կարող ենք կիսվել այդ ձեռագրով», — նշեց Հարություն Մանգոյանը։
Ո՞ւմ համար է նախատեսված գիրքը
ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը բարձր գնահատեց ժողովածուն՝ նշելով, որ առաջին հատորը արդեն դարձել է ընտանեկան բժիշկների «սեղանի գիրք»։
«Շատ կարևոր է, որ բոլոր բժիշկներն ունենան այս գիրքը, քանի որ այն օգնում է խուսափել ավելորդ դեղորայքի և հետազոտությունների նշանակումից՝ հիմնվելով ապացուցողական բժշկության տվյալների վրա», — ասաց նա։

Կառուցվածք և բովանդակություն
Ժողովածուում ներկայացված ախտորոշումները դասակարգված են այբբենական կարգով՝ ընդգրկելով վարակային, նյարդաբանական, սրտաբանական, հոդաբանական և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս մոտեցումը թույլ է տալիս արագ կողմնորոշվել և գործելակարգերը կիրառել առօրյա կլինիկական աշխատանքում։
2022 թվականին հրատարակված առաջին գիրքը ներառում էր ավելի քան 130 կլինիկական գործելակարգ։ Ներկայիս եռահատոր ժողովածուն շուրջ երեք անգամ ավելի ընդարձակ է, արտացոլելով «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագիտական փորձի շարունակական զարգացումը և համակարգային աշխատանքը։
Շարունակական զարգացում
Ժողովածուն հաստատվել է Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։ «Վարդանանց» ՆԲԿ-ում նշում են, որ նախաձեռնությունը շարունակական է․ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ժողովածուն՝ հասցնելով այն մոտ 700 կլինիկական գործելակարգի, որոնք կծածկեն Հայաստանում կիրառվող ախտորոշումների շուրջ 98%-ը։