Հոդվածներ
Ավելանում են կապույտ հազի դեպքերը
Վերջին ամիսներին դիտվում է կապույտ հազի (Pertussis) դեպքերի կտրուկ աճ։
Կապույտ հազը սուր վարակիչ մանրէային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազի կամ փռշտոցի միջոցով։ Վարակի աղբյուրը հիվանդներն են՝ ախտանիշների սկզբից 21 օրվա ընթացքում կամ մինչև հակամանրէային բուժման 5-րդ օրը լրանալը։ Հետևաբար, հիվանդության տարածումը կանխելու նպատակով, հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել։
Կապույտ հազն առավել հաճախ հանդիպում է երեխաների շրջանում։ Առավել ծանր է ընթանում և հաճախ ուղեկցվում բարդություններով մինչև 1 տարեկան երեխաների մոտ։ Դեռահասների և մեծահասակների մոտ հիվանդության ընթացքը համեմատաբար թեթև է։
Ե՞րբ կասկածել կապույտ հազ՝
- երկարատև հազ (2 շաբաթից ավելի)
- ջղաձգային (սպաստիկ) հազի նոպաներ, որոնք կարող են ուղեկցվել փսխումով, մաշկի կապտավուն երանգով։
Կապույտ հազն ախտորոշվում է քթըմպանի քսուքից ցանքսի կամ ՊՇՌ հետազոտության միջոցով։
Մեր մանկաբույժ Վանուհի Սահակյանը հիշեցնում է, որ կապույտ հազի կանխարգելման լավագույն միջոցը շարունակում է մնալ ժամանակին ստացած պատվաստումը։
Պատվաստված երեխաների հիվանդանալու հավանականությունը շատ ավելի քիչ է, իսկ հիվանդանալու դեպքում ցածր է բարդությունների հավանականությունը։