Հոդվածներ
Ներդրումային նոր էջ Հայաստանում․ «Վարդանանց»-ն առաջինն է | Լևոն Ալթունյանի ուղերձը

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պաշտոնապես դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) ցուցակված առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը։
Ստորև՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանի ուղերձը այդ առթիվ։
Մեկնարկում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պարտատոմսերի ազատ վաճառքը: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Կոնվերս Բանկի թիմին՝ ի դեմս իմ վաղեմի բարեկամ Անդրանիկ Գրիգորյանի: Թողարկման և վաճառքի գործընթացների կազմակերպվածությունը կարող եմ համեմատել երեխային կատարած արտիստիկ ներարկման հետ, երբ փոքրիկը չի հասցնում նույնիսկ վախենալ և միայն ուշադիր նայում է մեծերին՝ փորձելով «բռնացնել» լաց լինելու պահը:
Մենք դեռ նշում էինք թողարկումը, երբ 11-րդ օրը մեզ հայտնեցին, որ վաճառքները դադարեցված են՝ պայմանավորված պարտատոմսերի սպառմամբ։ Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ այդ 11 օրվան «Վարդանանց»-ի թիմը հանգրվանել է ավելի քան 22 տարում: Սա թիմի նվիրվածության, կառավարման և որակի վերահսկման համակարգերի արդյունավետության արդյունքն է։
Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը՝ տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետ առողջապահությունը ևս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին: Մենք «Վարդանանց»-ում հաստատակամ ենք մեծացնելու արժեթղթերի շուկայում մեր ներկայացվածությունը՝արդյունավետ կառավարման, զուսպ գների, ֆինանսական թափանցիկության և ֆիսկալ կարգապահության քաղաքականությունների շնորհիվ։
Դա «Վարդանանց»-ին հարկավոր է զարգացման տեմպերը պահպանելու համար՝ ի շահ մեր բուժառուների: