info@vardanants.am +374 (11) 59-21-00

Հոդվածներ

Առողջապահական առաջին ընկերությունը՝ «Վարդանանց»-ը կապիտալի շուկայում

մայիս 22, 2025
<p><strong>Առողջապահական առաջին ընկերությունը՝ «Վարդանանց»-ը կապիտալի շուկայում</strong></p>

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօր ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողության ընթացքում ստորագրվեց ցուցակման պաշտոնական որոշումը, որով ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

«Արինտերլև» ՓԲԸ պարտատոմսերը՝ ընդհանուր 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով, մայիսի 23-ին ցուցակվելու են Բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում։ Ցուցակվելու է 20,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36-ամսյա շրջանառության ժամկետով։

Ներդրողներն արդեն մայիսի 23-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Արինտերլև» ՓԲԸ-ի պարտատոմսերի առևտրին։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ միջոցով։

«Առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ «Վարդանանց»-ի թիմն այսօրվան հանգրվանել է ավելի քան 22 տարում: Սա թիմի նվիրվածության, կառավարման և որակի վերահսկման համակարգերի արդյունավետության արդյունքներն են:

Այսօրվա հնչած զանգով ազդարարվեց հայաստանյան պարտատոմսերի շուկայի համալրումը՝ տնտեսության նոր սեգմենտում ներդրումներ կատարելու հնարավորությամբ: Այսուհետ առողջապահությունը ևս ներկայացված է հայաստանյան բորսայում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ պարոն Եգանյանին»,- ասել է «Վարդանանց»-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«Մեր ընկերությունների խումբը` ի դեմս ԷՖԵՍ-ի և «Վարդանանց»-ի, շարունակելու է նպաստել ՀՀ առողջապահության համակարգի զարգացմանը` ներդնելով առողջության միջազգային երաշխիքներ և ամենաժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ», - նշեց «Վարդանանց» ՆԲԿ-ի տնօրենների Խորհրդի անդամ, «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

«Վարդանանց» բժշկական կենտրոնի ցուցակումը կարևոր և նախադեպային քայլ է՝ կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման և առողջապահական համակարգի կայուն զարգացման տեսանկյունից։ Այն վկայում է, որ կապիտալի շուկան բաց է տնտեսության տարբեր ճյուղերի համար՝ դառնալով հուսալի, թափանցիկ և արդյունավետ հարթակ նորարար ծրագրերի ֆինանսավորման համար։ Այս քայլը նաև ամրապնդում է ներդրողների վստահությունը և խթանում առողջապահության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացումը»։

«Ուրախ ենք, որ այս ճանապարհն անցանք ցուցակված առաջին հայաստանյան առողջապահական կառույցի հետ՝ աջակցելով զարգացման ծրագրերի իրականացմանը և մեր ներդրումը ունենալով կապիտալի շուկայի զարգացման գործում»,- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Անդրանիկ Գրիգորյան։

LOADING