Հոդվածներ
«Վարդանանցը ես եմ». 20-ամյակի մեկնարկը՝ արտագնա կորպորատիվով

Հուլիսի 26-ին տեղի ունեցավ «Վարդանանց» բժշկական կենտրոնի 20‑ամյակի մեկնարկային միջոցառումը՝ արտագնա կորպորատիվով ՝Լոռու գեղատեսիլ բնության գրկում։
Կարգախոսը՝ «Վարդանանցը ես եմ»։
Կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը հանդես եկավ անկեղծ, ոգեշնչող և հումորով համեմված ողջույնի խոսքով․
«Պատկերացնու՞մ եք, հիմա սկսեի դասական հաշվետվությունից՝ քանի քառակուսի մետր ենք կառուցել ու քանի հազար կցագրված հիվանդների մասին էինք երազում՝ պետական պատվերով…
Բայց կսկսեմ ուրիշ կերպ։ Կսկսեմ մեր առաքելության առաջին բառից՝ Զարմացնել»։
Նա անկեղծորեն խոստովանեց, որ միշտ չի ստացվում զարմացնել բոլորին, բայց ամեն օր հենց այդ նպատակն է թիմը շարունակում հետապնդել։
«Մենք իրոք կարողանում ենք զարմացնել։ Ոչ միշտ, բայց հիմնականում, ոչ բոլորին, բայց մեծամասնությանը։ Մնացածի մասով դեռ աշխատում ենք։ Աշխատում ենք, որպեսզի բուժառուներին զարմացնենք սպասարկման որակով, արագ ախտորոշումներով, բուժման ժամկետներով»։
Ելույթում առանձնահատուկ տեղ ունեցավ թիմային աշխատանքի կարևորության ընդգծումը․
«Երբեմն նույնիսկ իրար ենք զարմացնում, երբ պարզվում է, թե մեկ շաբաթում քանի բուժառու է ընդունվել կամ ինչպես է ընդունարանի աշխատակիցը հասցրել միաժամանակ գրանցելով այցելուին, տեսնել վատ զգացող կնոջը և՝ չընդհատելով գրանցումը, զանգահարել թեժ գծին։ Իսկ հետո ինքներս էլ հարցնում ենք մեզ՝ «Իսկ ինչպե՞ս ենք սա հասցնում, ու պատասխանում՝ «Անհերքելի գիտելիքներով, տեխնոլոգիայով, կարեկցանքով, կարգապահությամբ»։
Տնօրենն ընդգծեց, որ Վարդանանցը պարզապես շենք կամ սարքավորում չէ․
«Վարդանանցը ես եմ։ Դու ես։ Դու։ Դու։ Դա՝ մենք ենք։
Յուրաքանչյուրն, ով գուցե առավոտյան երթևեկության մեջ մի քիչ բարկացած է գալիս, բայց հետո մտնում է կենտրոն ու «Եսը դարձնելով Մենք՝ սկսում է զարմացնել»։
Նա հատուկ անդրադարձավ նաև այն բոլոր աշխատակիցներին, ովքեր բուժառուների համար անում են ավելին, քան պարտադիր է․
«Կենտրոնը դու ես՝ ով տուն չգնաց, մինչև հիվանդը չթեթևացավ կամ բոլոր հետադարձ զանգերը չարեցիր։ Կենտրոնը դու ես՝ ով գիշերը երեքին գտավ անհրաժեշտ գրականությունը։ Կենտրոնը դու ես, ով պահեց, մատակարարեց լավագույնը, ապահովեց հարմարավետությունը, զարմացրեց ստուգող մարմիններին թափանցիկությամբ և ճշգրտությամբ»։
Ելույթում հնչեց նաև կարևորը՝ ամենագլխավոր մարդը բուժառուն է․
«Նա, ով վստահել է մեզ իր առողջությունը։ Ամեն օր մեր բոլոր ջանքերի կենտրոնում հենց նա է, և մեր յուրաքանչյուր հաղթանակ, ամենից առաջ նրա հաջողությունն է»։
Վերջում Լևոն Ալթունյանը հիշեցրեց օրվա կարգախոսը․
«Մեր այսօրվա կարգախոսը՝ «Վարդանանցը ես եմ», պարզապես բառեր չեն պաստառի համար։ Սա փաստ է։ Ձեր ամեն մի հաջողությունը՝ կենտրոնի հաջողությունն է։ Եվ ամեն անգամ, երբ ծանր օրվանից հետո տուն եք գնում ու մտածում` «Այսօր կարևոր բան արեցի» - սա հենց Վարդանանցն է։
Շնորհակալ եմ, որ զարմացնում եք։ Ու շնորհակալ եմ, որ երբեք չեք դադարում զարգանալ, որպեսզի զարմացնեք»։
Վարդանանցը ես եմ․ մենք միասին ենք, և սա միայն սկիզբն է։ ✨