Հոդվածներ
օգոստոս 01, 2023
Կրծքով կերակրումը յուրաքանչյուր երեխայի կյանքի ամենաառողջ մեկնարկի ապահովման կարևոր բաղադրիչներից է։ Այն նորածնի առաջին պատվաստումն է, սնուցման լավագույն աղբյուրը։
Այս շաբաթ և միշտ պետք է աջակցենք ու ոգեշնչենք մայրիկներին, քանի որ կրծքով կերակրումը սոսկ սնուցում չէ, այլ սիրո դրսևորում՝ կարծում է մեր մանկաբույժ Ջուլիա Ճաղարյանը։
Նա շեշտում է, որ հատկապես կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում կրծքի կաթը համարվում է էներգիայի և կենսական տարրերի հիմնական աղբյուր։
- Կրծքի կաթի միջոցով երեխան ստանում է կարևոր հակամարմիններ, որոնք պաշտպանում են նրան վարակներից։
- Հատկապես սուր շնչական հիվանդությունների և աղիքային վարակների ժամանակ կրծքով կերակրումն առաջին հիմնական օգնությունն է ջրազրկումից խուսափելու համար։
- ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կերակրման հարցում առաջնորդվել երեխայի պահանջով, քանի որ ամեն ամիս այդ պահանջը փոխվում է։
- Հնարավորության դեպքում անհրաժեշտ է շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկանը։
Այս տարի կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը նվիրված է աշխատավայրում կրծքով կերակրման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։