Հոդվածներ
«Վարդանանց» ԲԿ-ի Խորհրդի նախագահ Լ․Ալթունյանի ամանորյա ուղերձը
Ավարտվում է ևս մեկ աշխատանքային տարի:
Նախ, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ մայրապետներին և բժիշկներին, ադմինիստրացիային և վարորդներին, բուժքույրերին և տնտեսական բաժնին՝ ձեր նվիրվածության համար:
Ամփոփելով 2023 թվականը՝ հպարտությամբ հայտնում եմ, որ այն սահմանված բոլոր նշաձողերի նվաճման, շարունակական աճի և զարգացման տարի էր:
Իրականացված աշխատանքներում ուզում եմ մատնանշել՝
- բժշկական նոր ծառայությունների մատուցման մեկնարկը՝ ցերեկային ստացիոնար, Ֆիզիոթերապիա, կինեզոթերապիա, էնդոսկոպիա, հիստերոսկոպիա, էսթետիկ գինեկոլոգիա, ատամների իմպլանտացիա, ՔԿԱ վիրաբուժություն և այլն
- 205 գործելակարգի մշակում
- մասնաճյուղերի թվի ավելացում
- արտերկրում բժիշկների երկարատև վերապատրաստումների նախագծի մեկնարկ, ինչի շնորհիվ 2024 թվականին «Վարդանանց»-ում կիրականացվեն բրոնխոսկոպիկ հետազոտություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մինչ օրս Հայաստանում չեն կատարվում:
Գալիք տարում, ինչպես և նախկինում, ես ակնկալում եմ մեր հիմնական արժեքների ամրապնդում՝ այցելուի անհատականության գերակայության, անձնակազմի արժանապատվության՝ այցելու–անձնակազմ փոխհարաբերությունների ազնվության ու հարգանքի պայմաններում:
Հուսով եմ՝ 2024 թվականին մենք միասին մասնակից կդառնանք Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մեր «Վարդանանց-Նանսեն» ամբուլատոր ստացիոնար մասնաճյուղի բացմանը և «Դալմա» մասնաճյուղի հիմնադրմանը:
Թո՛ղ նոր տարին մեր կենտրոնին բերի բազում նոր գաղափարներ. ձեր առաջարկները կոգեշնչեն մեզ․ Դու՛ք՝ վարդանանցցիներդ, կարող եք փոխել մեր գործելակերպերը՝ վերհանելով խնդիրները, չհանդուրժելով թերություններն ու թերացումները:
Մեր գործում անգնահատելի է ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը։
Մաղթում եմ ձեզ լավատեսություն, առողջ համառություն, եռանդ և, իհարկե, բարեկեցություն՝ որպես ձեր պատշաճ ու որակյալ աշխատանքի արդյունք:
Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։
Խաղաղություն, ջերմություն և հարմարավետություն ձեր տներում։