ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրադարձություններ

Medical House-ի հիմնաքարն ապացուցողական բժշկությունն է

20.07.2018

Medical House ակումբը ստեղծվել է չորս տարի առաջ ապագա բժիշկներ Հովհաննես Կարապետյանի, Վիկտորյա Մելոյանի, Լևոն Ներսիսյանի և Ռիմա Հասասյանի նախաձեռնությամբ։

Նպատակը եղել է ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և բժիշկներին համախմբել մի տանիքի տակ՝ անմիջական մթնոլորտում անկաշկանդ վեր հանելու և քննարկելու բժշկության ոլորտի խնդիրները Հայաստանում ու աշխարհում, գտնելու դրանց լուծման բանալիները։

«Մենք բոլորս՝ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, այցելող դասախոսներ, ընկերներ ենք դարձել»,-ասում են հիմնադիրները՝ հավելելով, որ ցանկացած պահի ուսանողն ընդհատելու, անգամ բանավիճելու իրավունք ունի։

 

 

Medical House-ը լրացնում է ակադեմիական կրթության հնարավորությունները՝ երիտասարդներին ինքնաարտահայտման, սեփական նախաձեռնությամբ կրթական գործընթացներն առավել հետաքրքիր ու տարածուն դարձնելու միջոցով։ 

Այս հարթակում թեժ քննարկումների առարկա են դառնում մասնագիտական հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածները։ Այս տանիքի տակ փորձում են վեր հանել բժշկական սխալի կանխման և հետևանքների մեղմման հնարավորությունները։ Այստեղ նաև հեռակոնֆերանսներ են կազմակերպվում։

Անկախ ակումբը մեծաթիվ ուսանողների և կլինիկական օրդինատորների գիտելիքների հարստացման ու զարգացման ուրույն հարթակ է դարձել:

 

 

Medical House-ի այսօր արդեն 150 անդամները, լինելով ապացուցողական բժշկության կողմնակիցներ, օգտվում են միայն արժանահավատ աղբյուրներից։ Նրանց մի մասն ընդգրկվել է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի թարգմանության ու տեղայնացման գործում։

Ակումբում կոտրվում է դասախոս-ուսանող՝ ամբիոնի հակառակ կողմերում գտնվելու կարծրատիպը։

Medical House-ին աջակցության ձեռք է մեկնել «Վարդանանց» ՆԲԿ-ն՝ տրամադրելով գմբեթաձև ապակե հանրահայտ սրահը, որը դարձել է նաև ակումբի խորհրդանիշը։ Նորարական մոտեցումներով այս կենտրոնի մասնագետները հաճախ են հյուրընկալվում ակումբում։

 

← Վերադառնալ ցուցակին

Яндекс.Метрика